«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդություն է ներկայացրել դատախազությունը, որոնցից մեկը համարվում է գաղտնի: Խոսքը հանրության համար ոչ այնքան գաղտնի անպիտան հրթիռների մասին է: Այս գործը տեւական ժամանակ է գտնվում է դատարանում` 7 մեղադրյալների կազմով։ Եւ ուրեմն, ինչումն է գաղտնիությունը, եթե այդ գործի մասին գիտեն շատերը եւ բազմիցս գրվել է այդ մասին։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ում հարուցվեց գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես անորակ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ, եւ մեղադրանք առաջադրվեց 7 անձի՝ պն նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին եւ այլոց։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակի համար 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահելու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախության եւ այլն։ Իսկ հրթիռները գնվել են դեռեւս Սեյրան Օհանյանի Պաշտպանության նախարար աշխատելու ժամանակաշրջանում։ Այսպիսով՝ ինչումն է Օհանյանի մեղքը:
Մենք տեղեկացանք, որ դատախազության` խորհրդարան ուղարկած 20 էջանոց միջնորդության մեջ Օհանյանին վերագրվող մեղքն այն է, որ հրթիռներն իր օրոք ձեռք են բերվել տարբեր գնով՝ առաջին անգամ անհամեմատ էժան, երկրորդ խմբաքանակը՝ թանկ եւ սրանում իրավապահները կոռուպցիայի հոտ են առել։ Օհանյանն այս գործով վկայի կարգավիճակում հարցաքննվել է, ասել է, որ հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն ՊՆ-ն չի գնել դրանք, քանի որ պարզել է, որ անսարք են։ «Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում», որպեսզի հետագայում լիցենզիա ձեռք բերի եւ դրանք վաճառի«երրորդ երկրի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում