Մամուլ

Առաջիկայում կկասեցվի նաև «Գնունի» շուկայի գործունեությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի տարածքում գործող խոշոր առևտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում: Առևտրի բոլոր կենտրոններում, այդ թվում՝ մարզայիններում, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ և ստուգումներ են իրականացվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թերությունների հայտնաբերումից հետո տնտեսվարողին այլևս ժամանակ չի տրվում դրանք վերացնել, այլ անմիջապես գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվում։ Խոսքը ոչ միայն առևտրի խոշոր կենտրոնների մասին է, այլև փայտամշակման, տպագրական արտադրամասերի, նավթամթերքի պահեստարանների, ընդհանուր նշանակության պահեստների, այնտեղ, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակում և դյուրավառ միջավայր:

Նախօրեին պարզ դարձավ, որ կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը: Տոնավաճառը պետք է փակվի փետրվարի 1-ից: Նշենք, որ այս որոշման հետևանքով գործազուրկ է դառնում ավելի քան 600 քաղաքացի:

Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացվի նաև «Գնունի» շուկայի մասով»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։