Մամուլ

Հնարավոր է՝ Իշխան Սաղաթելյանի հարցն առանձնացնեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բացակայությունների հիմքով «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմել-չդիմելու հարցը կքննարկվի ԱԺ խորհրդի հունվարի 20-ի նիստում։ Հունվարի 13-ի քննարկումը հետաձգվել էր ընդդիմադիրների չներկայանալու պատճառով։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ «պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով»: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին:

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրները մտադիր չեն ներկայանալ նաև հունվարի 20-ի նիստին։ «Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշում է ընդունում, ապա ԱԺ նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է ՍԴ՝ նշելով հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը»։ Եթե որոշում չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է 1 ամսվա ընթացքում նույն հարցով դիմել ՍԴ: ՔՊ-ն, որոշ տեղեկություններով, մտադիր չէ որևէ պատգամավորի հարցով դիմել ՍԴ։

Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ավելորդ գլխացավանք պետք չէ իրենց, մանավանդ որ ընդդիմադիրները դադարեցրել են բոյկոտը և խելոք ներկայանում են ԱԺ նիստերին։ Թեպետ խմբակցությունում կան պատգամավորներ, որ հակված են «մեծ-մեծ» բրդող Իշխան Սաղաթելյանի հարցով դրական որոշում կայացնել։ Սաղաթելյանն ամենաշատ բացակայած պատգամավորն է՝ 278 բացակա ունի, հաջորդը Արմեն Ռուստամյանն է՝ 240, եռյակը եզրափակում է Գեղամ Մանուկյանը՝ 236-ով»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։