«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները:
Տեղեկացանք, որ նախորդ շաբաթ կայացած քննարկումներին քրեական պալատի մի շարք ըմբոստ դատավորներ ներկա չեն եղել: Չնայած դրան՝ Կարեն Անդրեասյանը հստակ օրակարգով է առաջնորդվել՝ հնարավորություն չտալով քրեական դատարանի դատավորներին իրենց իրական ասելիքները փոխանցել բարձրագույն խորհրդին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուրբաթ օրվանից դարձյալ Դիլիջանում կհավաքվեն արդեն վարչական, քաղաքացիական ու սնանկության գործերով դատարանների դատավորները: Բավականին թեժ քննարկում է սպասվում նաև այս պալատի ներկայացուցիչների հետ, քանի որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով»։