Մամուլ

Ազատումների շքերթ Արցախում․ նոր կադրերին դրսից կբերեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը թեև նոր-նոր է պաշտոնի նշանակվել, բայց արդեն իրական կադրային ջարդ է սկսել: Երեկ նա պաշտոնից ազատել է կաբինետի բոլոր նախարարներին ու միայն չորսին որպես պաշտոնակատար նշանակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետնախարարի ազատումների շքերթը ոչ միայն Արցախի քաղաքական ուժերին, այլ նաև գործադիրի, օրենսդիրի ու ուժային կառույցների ներկայացուցիչներին է անակնկալի բերել: Մեր օրաթերթի՝ արցախյան աղբյուրները փոխանցեցին, որ մինչև այս պահը նոր անուններ չեն շրջանառվում:

«Այդ տեղեկությունը նա խիստ գաղտնի է պահում: Հայտնի էլ չէ, թե այս մասով ո՞ւմ հետ է քննարկումներ ունենում, կամ, առհասարակ, քննարկումներ ունենո՞ւմ է, թե՞ ինքն անձամբ է որոշումներ կայացնում»,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ Արցախի կառավարական նոր կաբինետն, ըստ երևույթին, արցախցիներից չի ձևավորվի:

«Կա՛մ Հայաստանից կադրեր կբերի, կա՛մ էլ՝ դրսից: Անընդհատ շեշտում է, թե այսօր Արցախում ոչ ստանդարտ լուծումներ են պետք, ու դրա համար, ըստ երևույթին, «ոչ ստանդարտ» լուծումների մասնագետների առաջին պլան կբերի»,- ավելացրեց մեր զրուցակիցը»: