Մամուլ

«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մանդատները վայր են դնելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչու է դատախազը հապաղում մտնել ԱԺ՝ պատգամավորների հետևից: «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է աշխատանքները ՀՀ Ազգային ժողովի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով քննարկվել է՝ դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ մտնելու և պատգամավորներին «տանելու» հարմար ժամանակահատվածը երբ կլինի, և, ԱԺ-ից հորդորել են մի փոքր սպասել:

Պատճառն այն է, որ ԱԺ-ին լուրեր են հասել, թե «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց մանդատները վայր են դնելու: Խոսքն առայժմ Վահե Հակոբյանի, Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի և Արմեն Չարչյանի մասին է: Այսինքն՝ հնարավոր է, երբ դատախազը մտնի ԱԺ՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, արդեն նրանք մանդատից հրաժարվելու դիմումներ գրած լինեն, և անհարմար իրավիճակ ստեղծվի: Դրա համար գործընթացը փոքր-ինչ կանգ է առել: Իշխանությունը սպասում է՝ հասկանալու համար պատգամավորական մանդատներն ովքեր ինքնակամ վայր կդնեն, որից հետո նոր քայլեր կձեռնարկի, առավել ևս, որ որոշ գործերով վաղեմության ժամկետի հարցեր էլ կան: Իսկ իրականում իշխանության իրական նպատակը «Հայաստան» խմբակցությունը պառակտելն ու թուլացնելն է:

Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, օրինակ, երկրում չէ, եթե համաձայնի իշխանության առաջադրած պայմանին և վայր դնի մանդատը, գուցե այլ գործողություններ չլինեն նրա հետ կապված»։