Մամուլ

Հակակոռուպցիոն կոմիտեն խոշոր ձկների փոխարեն մանր չինովնիկների հետևից է ընկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մոռացել է աղմկահարույց քրեական գործերը և ընկել է «մանր-մունր ձկների» հետևից: Ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ կոմիտեն ընկել է ցածր կալիբրի չինովնիկների հետևից՝ գերեզմանատան վարիչ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյա, Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձ և այլն։ Իսկ ո՞ւր մնացին «խոշոր ձկները», ինչո՞ւ է նախաքննական մարմինը լռում:

Ի՞նչ փուլում է գտնվում «Մարտի 1»-ի գործը, ինչո՞ւ է հակակոռուպցիոն կոմիտեն լռում «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով (որին մեղադրում էր քաղաքացուն սպանելու համար), ի՞նչ եղավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գործը: Ի վերջո, որտե՞ղ են նախկին թալանչիները՝ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը`Քեթրինի Միհրանը, և այսպես շարունակ։

Ասել է թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ընկել է «մանր ձկների» հետևից՝ ցույց տալու համար, թե նորաստեղծ կոմիտեն կոռուպցիայի դեմ է պայքարում, մինչդեռ «խոշոր ձկները» իրենց համար լող են տալիս»: