Մամուլ

Գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել երեք պատգամավորի․ «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել երեք պատգամավորի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությամբ:

Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե կոնկրետ որ քրեական վարույթներով է գլխավոր դատախազը նման միջնորդություններով պատրաստվում ԱԺ մտնել, չկարողացանք առայժմ պարզել:

Փորձեցինք այդ հարցերի պատասխանները ստանալ անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից: Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որևէ միջնորդություն առկա չէ»:
Նկատենք, որ Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի մեջ կարևոր նրբերանգ կա՝ «այս պահին»: Սա նշանակում է, որ ամեն րոպե միջնորդությունը կարող է դրվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական