«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, քրեական վարույթ է նախաձեռնվել նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող գործը վերաբերում է 2019 թվականին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ըստ մեր տեղեկությունների, Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն հրաժարվել է գնալ և մեկնել է Հայաստանից։
Ամենայն հավանականությամբ, նրա հանդեպ կհայտարարվի հետախուզում։ Թե պատգամավորական տարիներին ձեռնարկատիրությամբ չզբաղված Ուրիխանյանն ինչ եկամուտներ է ունեցել, այն էլ՝ առանձնապես խոշոր չափերի, դեռ կպարզվի։
Եթե հավելենք, որ վերջերս որոշ լրատվամիջոցներով մեծ աղմուկ բարձրացվեց Ուրիխանյանի այժմյան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ, որի առթիվ մի շարք դատական գործեր են սկսվել, ստացվում է, որ Տիգրան Ուրիխանյանի շուրջ օղակը սեղմվում է, և նպատակ կա նրան միանգամից ու ամբողջապես չեզոքացնել»։