Մամուլ

Սիսիանում իշխող ուժն առաջատար լինելով համայնքապետ չի կարող ունենալ․ «Ժողովուրդ»

Սիսիանում իշխող ուժն առաջատար լինելով համայնքապետ չի կարող ունենալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Սիսիանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ, սակայն նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի։ Առավել շատ ձայն է ստացել ՔՊ-ն՝ 4 հազար 93, «Աշխատանք և արդարություն» դաշինքը՝ 2 հազար 693, «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։

Նկատենք՝ ընդհանուր առմամբ ավագանին ունենալու է 21 մանդատ, իսկ համայնքի ղեկավար ընտրելու համար պետք է 11 ձայն, ըստ այդմ՝ ՔՊ-ն կստանա 8 մանդատ, «Աշխատանք և արդարությունը»՝ 5 մանդատ, Արթուր Ղազինյանի կուսակցությունը՝ 2 մանդատ, եվս 2 մանդատ ունի Արման Բաբաջանյանի ուժը։ Վճռորոշը լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության 4 մանդատը, և, ահա, հենց այստեղ է թաքնված ինտրիգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է ոչ ոքի չմիանալ և ավագանու առաջին նիստի ժամանակ, երբ պետք է առաջադրվեն համայնքի ղեկավարի թեկնածուները, նրանք կառաջադրեն հենց իրենց ցուցակը գլխավորող Արա Զաքարյանի թեկնածությունը:

Ստացվում է՝ այս պահի դրությամբ ՔՊ-ն սահմանամերձ Սիսիանում ունի 8 մանդատ, երկրորդ տեղը զբաղեցրած ուժն Արթուր Ղազինյանի կուսակցության հետ միասին՝ 7 մանդատ, այսինքն՝ ընդդիմությունը ներկայացված է յոթ մանդատով: Եթե անգամ Արման Բաբաջանյանի ուժի երկու ավագանիներն իրենց ձայնը տան ՔՊ թեկնածուին, միևնույնն է, այդ ձայները բավարար չեն համայնքի ղեկավար ընտրելու համար: ՔՊ-ն հայտնվել է ծուղակում»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական