«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի գլխին սև ամպեր են կուտակվում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում ազատման դիմում կգրի: Բանն այն է, որ նա գլխավոր դատախազությունում տևական ժամանակ տպավորություն է ստեղծել, թե բարձրակարգ դատախազ է, և քանի որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի պարտականությունները, ուստի անձեռնմխելի է: Ավելին՝ դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում պատկեր է ստեղծել, թե քաղաքական իշխանություններն իր թիկունքում են, սակայն Աննա Վարդապետյանի նշանակումով իրավիճակը փոխվել է: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին հասկացրել են, որ նա, լինելով «բարձրակարգ իրավաբան», ձախողեց Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված «Մարտի 1»-ի գործով մեղադրանքը, քանի որ ՍԴ-Ն այն հակասահմանադրական ճանաչեց:
Գևորգ Բաղդասարյանի և Աննա Վարդապետյանի ներքին հակադրությունները սկսվել են սեպտեմբերի 2-ից հետո: Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել և նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գևորգյանին։ Գևորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձնաժողով և քննություն հանձնել, սակայն քննությունը ընթացել է լարված մթնոլորտում, և Հակոբյանին սեպտեմբերի 29-ին քննությունից կտրել են: Պարզվում է՝ հանձնաժողովի նախագահը եղել է նախկին դատախազ Արթուր Դավթյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Գևորգ Բաղդասարյանը, որին չի ներվի հանդգնությունը: Հավելենք, որ Գևորգ Բաղդասարյանի պաշտոնազրկման գործընթացի ծիլերը արդեն դատախազությունում նկատելի են, նրա ամենամտերիմներից մեկին Երևան քաղաքի դատախազությունից տեղափոխել են մարզ՝ հասկացնելով, որ նախկին բարքերը ավարտվել են»: