Մամուլ

Աննա Վարդապետյանի գալով դաախազությունում նոր իրավիճակ է ստեղծվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ տարբեր աղմկահարույց քրեական գործերով՝ փաստաբանները կապ են հաստատում նախաքննական մարմինների հետ և հետաքրքրվում են, թե, օրինակ, իրենց պաշտպանյալի գործով երբ են պատրաստվում նախաքննության ավարտ տալ կամ գործը կարճել, և նմանօրինակ այլ հարցեր:

Ի պատասխան նրանց, նախաքննական մարմինների քննիչները հայտնում են, որ այս պահի դրությամբ որևէ բան չեն կարող ասել, քանի որ Գլխավոր դատախազ է փոխվել, և տարբեր քրեական գործերով կարող են նոր փոփոխություններ լինել, ուստի այս պահին քրեական գործերով որևէ հստակություն կամ որոշում չեն կարող կայացնել: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն նաև ազդելու է աղմկահարույց քրեական գործերի ընթացքի վրա, իսկ թե ինչ փոփոխություններ են սպասվում, կհետևենք զարգացումներին:

Նշենք, որ անգամ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունն էր պաշտոնական հաղորդագրություն տարածել, նշելով՝ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել և ընդգծել է, որ կարևորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։ «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձևը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարևոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաև դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»»: