«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:
«Այսինքն՝ մարդիկ չլինեն, որ եթե մանդատ ստանալու հերթն իրենց հասնի, ինչ-որ խաղերի մեջ մտնեն իշխանության հետ ու համաձայնեն «Հայաստան» խմբակցության մանդատով խորհրդարան գնալ»,- նշեց մեր զրուցակիցը: Տեղեկությունը մեկնաբանելու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին դիմեցինք, նա, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: «Առանց մեկնաբանության»,- ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի դաշնակցական թևն է միայն, որ միասնաբար ու միանգամից ներկայացրել է դաշինքում ընդգրկված բոլոր դաշնակցականների դիմումները: Մեր դիտարկմանը Մանուկյանն այսկերպ արձագանքեց. «Շնորհակալություն գնահատականի համար»: