Մամուլ

Ամառվա վերջը թեժ է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով չավարտվեց ՏԻՄ-երի խոշորացման պրոցեսը։ Այս աշնանն այն շարունակություն է ունենալու։

ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով գրավելու պատրաստ իշխանություններին ամառային և աշխատանքային բուռն ամիսներ են սպասվում, քանի որ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում, սակայն սա դեռ ամենը չէ։ Կան այլ տասնյակ համայնքներ, որտեղ լրանում է համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, և առաջիկայում կառավարությունն այդ համայնքների վերաբերյալ նույնպես, ըստ ամենայնի, ընտրություններ անցկացնելու որոշումներ կկայացնի։ Իսկ դա նշանակում է, որ օգոստոսի կեսերից կսկսվի թեկնածուների առաջադրման փուլը։

Օգոստոսի վերջին, ամենայն հավանականությամբ՝ ամսի 31-ից, նշված մարզերում կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Ուշագրավ է, սակայն, որ ընդդիմադիր դաշտում այս ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ դեռ հստակություն չկա»: