Մամուլ

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթացը ավարտին չի հասցվի. «Ժողովուրդ»

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթացը ավարտին չի հասցվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի: ՔՊ-ն ընդամենը նրանց վախեցնելու համար է ինչ-որ քայլեր անում՝ լավ իմանալով, որ չի կարողանալու բոլորին զրկել մանդատներից: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի խորհուրդն այսօր կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է:

Խորհրդարանականներին մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը, իհարկե, Սահմանադրական դատարանինն է, նախաձեռնությունը՝ ՔՊ-ինը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդյունքում պատգամավորներն այդպես էլ մանդատից չեն զրկվի: Գործընթացի արդյունքը կլինի այն, որ կա՛մ դիմումը այդպես էլ քննարկման արդյունքում ինչ-ինչ պատճառներով Սահմանադրական դատարան չի ուղարկվի, կա՛մ էլ ուղարկվելուց հետո դատարանն է մերժելու դիմումը: Հիշեցնենք, որ 33 պատգամավորին մանդատից զրկելու մասին է խոսք գնում, իսկ 4 պատգամավորների անունները բացակայում են:

Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը թեև ունեն բացականեր, սակայն նրանց բացակաները այս ամիսների ընթացքում հարգելի են համարվել: Թագուհի Թովմասյանը ողջ բոյկոտի ընթացքում ակտիվ աշխատել է ու աշխատեցրել խորհրդարանական Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Մարտուն Գրիգորյանն ու Արգիշտի Գևորգյանը նոր են մանդատ վերցրել, հետևաբար բացակա չունեն»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական