Մամուլ

Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. «Ժողովուրդ»

Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորները՝ սամակատները, իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին: Թեև ինքնագլորները Երևան են հասել դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, բայց արդեն հասցրել են զայրույթ առաջացնել քաղաքացիների մոտ. երևանյան փողոցներում այսօր անհնար է հանգիստ քայլել, զբոսնել, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է մեկը ինքնագլորով ձեզ վրաերթի ենթարկել:

Օրինակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խիստ մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել՝ նշելով, որ էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց միայն վերջին 3 ամսվա ընթացքում, դրանից հետո, սակայն, որևէ մեկը պատասխանատվության չի կանչվում. երևույթը որևէ կառույցի կողմից վերահսկելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել՝ արդյոք նախատեսվում է առաջիկայում քաղաքում ուղիներ նախատեսել ինքնագլորների համար:

Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին. «Քաղաքապետարանը ինքնագլորների ներկրման հետ որևէ առնչություն չի ունեցել, դա արվել է մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, հետևաբար ոլորտի հետ կապված բոլոր կարգավորումները, հարցերը ձեզ պետք է տա պարեկային ծառայությունը կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը»: Ոստիկանությունից այս խնդրի հետ կապված կարճ պատասխանեցին. «Նման նախաձեռնություն լինի, հանրային քննարկման կդրվի»:

Պարզվում է՝ ինքնագլորները ինչ-որ մարդիկ անհասկանալի չափորոշիչներով ներկրել են, ապօրինի չկարգավորված դաշտում աշխատում են, բիզնեսը զարգանում է, սակայն վերահսկողություն չկա: Քաղաքային իշխանությունն անկարող է և պատասխանատվություն չի դրսևորում, ոստիկանությունը չի գործում, և հնարավոր է, որ ինքնագլորի վարորդը վրաերթի ենթարկի մարդուն, բայց տրանսպորտային միջոց չհամարվի, մնա անպատիժ: Քաղաքակիրթ այլ երկրներում ինքնագլորների, հեծանիվների համար նախատեսված հատուկ ճանապարհահատվածներ կան, դրանք գործի դնելուց առաջ պատասխանատու ընկերությունը լիցենզիա է ստանում և գործում է խիստ վերահսկելի դաշտում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական