«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, տեսնելով, որ Ռուբեն Վարդազարյանը մերժում է իր առաջարկը՝ ինքնակամ հրաժարական տալու մասին, որոշել է նրա դեմ կարգապահական վարույթ հարուցել՝ լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցի հիման վրա, որով, իբրև թե, Վարդազարյանը խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը։ Տևական ժամանակ այս տեղեկությունը կար, սակայն ԲԴԽ-ից ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում, որ նման գործընթաց են նախաձեռնում։
Նշենք, որ ԲԴԽ-ն կարող է այդպիսի գործընթաց նախաձեռնել, եթե նման միջնորդության տակ ԲԴԽ 3 անդամի ստորագրություն լինի։ Երեկ այդ 3 անդամը գտնվեց, 3-ն էլ ԲԴԽ-ի գիտնական կոչվող անդամներն են՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, իսկ երրորդը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, Հայաստանում «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստան»-ի կամ, այսպես կոչված, «Սորոսի հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախկին նախագահը։
Ռուբեն Վարդազարյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ԲԴԽ անդամների հետ էլ խոսել չհաջողվեց, նրանցից ոմանք կա՛մ երկրում չէին, կա՛մ անհասանելի էին, կա՛մ մասնակցում էին դատավորներից մեկի հոգեհանգստի արարողությանը»։