Մամուլ

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։ Պարզվում է՝ վերջինս ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում։ Մուստաֆաևները Նոյեմբերյանի Ջուջևան գյուղի միակ ադրբեջանական ընտանիքն են եղել: Շահինի հայրը Ջուջևան է տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից, անասուն է պահել:

Շահինը (ծննդականով՝ Շահեն) ծնվել է 1965-ին՝ Հայաստանում, մինչև 8-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, 9-10-րդը՝ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում: Նա գերազանց տիրապետում է հայերենին, լավ գիտի հայոց պատմությունն ու հայերի նիստուկացը։

Զարմանալին այն է, որ չնայած որոշ կանխատեսումներին, թե պրոցեսները շատ երկար են տևելու, և խաղաղության պայմանագիրն ու սահմանազատման աշխատանքը տարիներ են պահանջելու, Բրյուսելից ընդամենը 2 օր անց՝ մայիսի 24-ին, հապճեպ կազմակերպվեց հանձնաժողովների նախագահների հանդիպումը սահմանին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է, իսկ հայկական կողմը պրոցեսը կանգնեցնելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ հնարավորություն»: