«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է միայն դիտորդի կարգավիճակում հետևել Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Նա մինչ օրս որևէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը մայիսի 1-ից սկսված զանգվածային անհնազանդության ակցիաների մասին: Ընդ որում՝ երկրորդ դեպքն է, որ ՀՀ նախագահը հենց այդպիսի պատասխան է տալիս պաշտոնապես իրեն ուղղվող հարցին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ մայիսի 5-ին էր ստացել ՀՀ նախագահի պատասխանը, որում ասվում էր. «Հանրապետության նախագահը հետևում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:
Հաշվի առնելով այդ պատասխանից հետո տեղի ունեցած դեպքերը, ոստիկանների կողմից քաղաքացիների հանդեպ իրականացված բռնության, վնասվածքների դեպքերը, զանգվածային ձերբակալութուններն ու կալանավորումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը ևս մեկ անգամ հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն:
Այս անգամ ևս ստացանք նույնաբովանդակ պատասխան, որը ներկայացնում ենք ստորև. «Հանրապետության նախագահի մեկնաբանությունը Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ անփոփոխ է. մեկ անգամ ևս նշենք. Հանրապետության նախագահը հետևում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:
Հետաքրքիր է՝ ինչ պետք է լինի անհնազանդության ակցիաների ընթացքում կամ հետևանքով, որ հանրապետության նախագահը վերջապես որոշի կարծիք հայտնել»: