Մամուլ

Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության ակցիաների ժամանակ իրականացվող ոստիկանական բռնություններին և իրավապահ մարմինների տարբերակված գործելաոճին զուգահեռ՝ մայիսի 20-ին, Հայաստանում մի շատ հետաքրքիր և ներկայանալի քննարկում է լինելու Հայաստանի ժողովրդավարության մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այդ քննարկմանը մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ չնայած նման միջոցառում անցկացնելն ու դրա ամսաթիվը որոշվել են շատ ավելի վաղ, սակայն հետաքրքիր է հենց այս իրավիճակում ժողովրդավարության վիճակին անդրադառնալը միջազգային հեղինակավոր կառույցների և Հայաստանում հավատարմագրված դեսպանների կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը ևս ընդգծեց. «Քննարկումը պլանավորվել է դեռ ամիսներ առաջ: Մեծ ծրագրի առաջին փուլը Հայաստանում ավարտվում է մայիսի վերջին, և քննարկումը դրա հետ կապված է հիմա տեղի ունենում»: Հավելենք, որ քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերի ֆորմատով, և լրատվամիջոցների մասնակցության մասով դեռ որևէ հստակեցում առկա չէ: Ի դեպ, Հայաստանի ժողովրդավարության թեմայով քննարկմանը ներկա են լինելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը և այլք»: