«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտից ընդդիմությունը մի քանի ժամ անհնազանդության ակցիաներ արեց Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։
Իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաները սկսվեցին առավոտյան 8-ն անց 30-ից միանգամից մի քանի փողոցներում։ Թե քանի օր են շարունակվելու այս ակցիաները, երբ և ինչպես են իրենց ծրագրին հասնելու ընդդիմադիրները, դեռ հստակ չէ։ Երկրորդ օրն է՝ ընդդիմադիրները գիշերում են Ֆրանսիայի հրապարակում, որը փակ է չորս կողմից։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոստիկանության ներսում այս հարցը քննարկվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը երբ ներքին քննարկումներ է ունեցել, կարծիք է հնչեցրել, թե 3 օր այսպես կշարունակեն ընդդիմադիրները, հետո կցրվեն տներով:
Այսինքն՝ իրավապահ և ուժային համակարգի ներկայացուցիչները կարծում են, թե ընդդիմադիրների հավաքներն այնքան էլ երկարատև չեն լինի և հետևաբար չեն հանգեցնի իշխանափոխության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ինչը որ պահանջում են ընդդիմադիրները:
Երեկվա երթին, սակայն, բավականին մեծ թվով քաղաքացիներ կային, և էներգետիկան ու տրամադրվածությունը բավականին հեղափոխական էր»: