Մամուլ

Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ« որ կառավարությունն առաջարկում է սահմանել տեղեկատվական նշաններ, որոնց ազդման, գոտում կբարձրացվի փողոցը հատող հետիոտների անվտանգությունը: Սակայն ուշագրավն այն է, որ այս նախագիծը հանրային քննարկման դրվեց երեկ՝ ապրիլի 26-ին, երբ Երևանի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Չի բացառվում, որ գործադրին երեկվա դեպքն է սթափեցրել նման նախագիծ մշակելու:

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանում կարգավորվող թվով 22 խաչմերուկներ կան, որոնք կահավորված են աջ շրջադարձը մշտապես թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիաներով, որի արդյունքում աջ շրջադարձ կատարելիս վարորդների և թույլատրող ազդանշանի տակ փողոցը հատող հետիոտների միջև առաջանում են կոնֆլիկտային կետեր:

   Չնայած այն հանգամանքին, որ համաձայն գործող կարգի՝ առավելություն է տրվում հետիոտնի երթևեկությանը, վարորդների անզգուշության պարագայում կարող է վտանգվել հետիոտնը: և այս խնդիրը հնարավոր է լուծել՝ հասնելով համապատասխան տեսակի տեղեկատվական նշաններ նախատեսելու միջոցով, որի ազդեցությամբ ազդման տիրույթում կողմնորոշման հնարավորություն կստանան աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդները»: