Մամուլ

Վանեցյանը վայր կդնի՞ մանդատը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց էր անում` Արցախի փրկության և, ըստ այդմ` ՀՀ իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Նա այս ընթացքում անընդհատ հարցազրույցներ էր տալիս և մի քանի անգամ հայտարարել է, թե այլևս չի վերադառնալու խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը․

«Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ այլևս ինչով պետք է զբաղվեմ»:

Երկու դեպքում էլ` և հաջողության, և անհաջողության պարագայում, ենթադրվում է, որ Վանեցյանը վայր կդնի մանդատը: Այդ պարագայում խորհրդարան կմտնի ցուցակի հաջորդ համարը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը «հարուստ» անցյալ ունի` իշխանամերձ մատույցներում, ընտրությունների և անգամ բիզնես գործունեության ոլորտում»: