«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը՝ հանրահայտ Ական, որն անցած 5 տարիներին Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Նա ավագանու ընտրություններում գլխավորեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը և ստացավ 5 մանդատ:
Փելեշյանը հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում և 2008-ին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների հետ գնացել է խանութ, վիճել աշխատողների հետ, հայհոյել և ջարդել խանութում եղած ապրանքները)։ Դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր Ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդին։
Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերից իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը ղեկավար չունի, ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել է և պարտությունը չմարսելով, հաղթող ուժի՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» առաջնորդ Մամիկոն Ասլանյանին պատանդ վերցրել` 4 ամսից ավելի կալանավորված պահելով, նախօրեին էլ կալանքը 2 ամսով երկարացրել են»։