Մամուլ

Հրաչյա Ռոստոմյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով ՊՆ-ին նվիրաբերել իր Prinoth, T4SRP մակնիշի ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենան։ ՊՆ-ն էլ սիրով ընդունել է նվերը, և երեկ որոշումը հաստատվեց կառավարության նիստում։ Հրաչյա Ռոստոմյանը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի թիմակիցն է, թեպետ ԲՀԿ անդամ չէ։ Նա ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի շրջանում զբաղեցրել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։ Եվ հիմա, մեր տեղեկություններով, մտադիր է նոր կուսակցություն հիմնել։

Մեզ պատմեցին, որ արդեն թիմ է հավաքագրում, փորձում է նոր մարդիկ գտնել, մանավանդ՝ սպորտի աշխարհից։ Խոստանում է, որ նոր կուսակցությունը ոչ մեկի, այդ թվում՝ նախկինների և անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի ասոցացվելու։ Նպատակը քաղաքական դաշտ մուտք գործելն է՝ առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։ Նա իր էջում մի լուսանկար է հրապարակել՝ խորհրդավոր մակագրությամբ․ «Վերադարձ»։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ։ «Էս պահի դրությամբ տենց բան չկա, ո՞վ ա տենց բան ասել»,- կեսբերան հերքեց Ռոստոմյանը»: