Մամուլ

Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմնավորեց, որ պարարտանյութերը 2.5-3 անգամ թանկացել են, և «դա փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի ու լուրջ իրավիճակի մեջ»:

Մինչև 3 հա մշակող ֆերմերային տնտեսություններին որոշեցին սուբսիդավորել՝ պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը։ Իշխանությունը սկսեց լայնորեն փիառվել այս ծրագրով, ֆերմերները հերթագրվեցին համայնքներում և 2 ամիս սպասում էին պարարտանյութին։

Արմավիրի և Արարատի մարզերից մեզ ահազանգեցին, որ մի քանի օր առաջ համայնքապետերն ասել են՝ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները։ Պատճառը փորձեցինք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից, սակայն մեզ չպատասխանեցին»: