Մամուլ

ԱԻՆ պաշտոնյաները կոռուպցիոն գործարքների են գնացել. «Ժողովուրդ»

ԱԻՆ պաշտոնյաները կոռուպցիոն գործարքների են գնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ արշալույսները խաղաղ չեն Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Բանն այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մտել էր ԱԻՆ և մոտ 150-ից ավելի անձանց տարել էին կոմիտե՝ հարցաքննության: Նախաքննական մարմինը մինչ օրս չի հստակեցնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ԱԻՆ աշխատակիցներին կամ նախարարին կանչել հարցաքննության, սակայն քրեական գործի ընթացքից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասել է մինչև ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան:

Ավելին՝ քրեական գործով կան դրվագներ, որ, օրինակ, որևէ մեկին պաշտոնի են նշանակել, ու այդ անձը նրանց որպես մաղարիչ տվել է ոսկյա շղթա և այլ նվերներ, և այս հանգամանքը նախաքննական մարմինը որակել է որպես կաշառք: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել նախարար Անդրանիկ Փիլոյանի տանը, որտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, ԱԻՆ հաշվեկշռում է եղել, սակայն զարմանալի կերպով հայտնվել է նախարարի տանը: Ի դեպ, գործով անցնող անձինք ևս ցուցմունքներ են տվել, որտեղ հիշատակել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, և դատելով իրավիճակից՝ չի բացառվում, որ նախարարը չվերադառնա արձակուրդից, նրան մեղադրանք առաջադրեն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական