«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խոսում են խաղաղություն հաստատելու մասին, ու թեև Ադրբեջանը շարունակում է կրակել և զոհեր պատճառել հայկական կողմին, այնուամենայնիվ, մարտի17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար:
Թերթը փորձել է պարզել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների տեսակետը գործընթացների վերաբերյալ: Այս կապակցությամբ մի քանի հարց է ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին:
Թերթը ներկայացրել է ԱՄՆ դեսպանատան պատասխանը. «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել ու ընդլայնել դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Առաջարկում ենք նաև ծանոթանալ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ պետքարտուղար Բլինքենի ունեցած վերջին հեռախոսազրույցների մամլո հաղորդագրություններին»։