Մամուլ

ԱԺ-ում ծեծկռտուքի գործով 4 պատգամավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով սկսվել է քննարկումների փուլը՝ հասկանալու համար, թե ի վերջո ում կամ ինչու պետք է մեղադրանք առաջադրվի:

Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև: Ավելին, ԱԱԾ-ն արդեն հարցաքննել է ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին և Արմեն Խաչատրյանին:

Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաև հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների: ԱԱԾ-ում արդեն միջադեպի բուն պատճառը հայտնի է. միջադեպը եղել է Հրաչյա Հակոբյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի միջև ոչ հաճելի դիմելաձևի և արտահայտությունների հետևանքով:

ԱԺ պատգամավորները հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանություն»: