Մամուլ

Հակված են ԱԳ նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելուն. «Ժողովուրդ»

Հակված են ԱԳ նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: Իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն:

«Ակնկալում ենք, որ Փաշինյանը կխոսի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել: Պատգամավորները ցանկանում են առաջին ձեռքից տեղեկանալ, թե այդ առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում»,- ասաց մեր զրուցակիցը:

Տեղեկացանք նաև, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաև արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու: «Քանի որ խմբակցության ներսում պատգամավորների մեծամասնությունը շատ բան չգիտի, անտեղյակ է, ու տեղեկությունները բացառապես մամուլից են իմանում, հետևաբար ցանկանում են գոնե փակ հանդիպումների ձևաչափով հասկանալ, թե ինչ է սպասվում թե իրենց, թե բոլորիս առհասարակ», - հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական