Մամուլ

Պատրոն Դավոն «գործարք» է առաջարկել «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով: Մասնավորապես, թերթի տեղեկություններով՝ քրեական գործով մեղադրյալ, Զինված ուժերին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, նախաքննական մարմնին «գործարք» է առաջարկել: Վերջինս, ասել է՝ եթե ԶՈւ-ին վաճառած հրթիռը անորակ է, ապա թող հետ տան իր հրթիռները, ինքը պետությանը հասցված վնասը կփոխհատուցի, սակայն նրա հայտարարությունը մնացել է օդից կախված: և կարելի է եզրակացնել, որ ՊՆ գեներալներին կալանավորելը առաջնահերթ քաղաքական հրահանգ է, այլապես իրավապահներին առաջարկված «գործարքը» ընդունելի կլիներ:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն»: