Մամուլ

Մեկ տարի առաջ այսօր ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն էր տարածել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ՝ նույն այս օրը, Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որում իր «վճռական բողոքն էր արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ»: Այն ժամանակ, հիշեցնենք, վերոնշյալ պաշտոնը Տիրան Խաչատրյանն էր զբաղեցնում: Մի քանի տասնյակ զինվորականներ հիշյալ հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջել՝ նշելով. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Թե ինչ համբերություն նկատի ունեին զինվորականները, որոնցից շատերն, ի դեպ, մինչև այժմ էլ պաշտոնավարում են ՀՀ ԶՈւ-ում, խիստ անհասկանալի է: Ո՞ւմ կամ ի՞նչ երևույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք, եթե ցայօր հանդուրժում են մի մարդու, ում մի տարի առաջ ասում էին, թե «նրա իրականացրած անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ԳՇ պետ է ազատում պատոնից, իր քիմքին հաճելի նոր նշանակումներ անում, բայց սպայական ուսադիր կրողները խիստ անհասկանալի նշանակումների հետ ասես առավել քան հաշտ են»: