ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ելույթի ընթացքում անդրադարձավ օգոստոսի 8-ի հռչակագրին, նշելով՝ ընդդիմությունը պնդում է՝ իբր միջանցք է տրվում, Հայաստանի ինքնիշխանությունը կրճատվում է, և երկիրը հայտնվելու է սահմանափակումների մեջ։
«Արարատ Միրզոյանի հանդիպման արդյունքներով հստակ պատասխան տրվեց, որ Հայաստանի ողջ տարածքում անվտանգությունն ապահովում են ՀՀ համապատասխան գերատեսչությունները, և բոլոր գործընթացներն իրականացվելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Նա ընդգծեց՝ գործելու են համապատասխան ընթացակարգեր, և հրապարակված փաստաթղթով ամրագրվում է, որ խոսքը արտատարածքային միջանցքի մասին չէ, այլ՝ ճանապարհի։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները պնդում էին, որ ապաշրջափակում չի լինելու, և Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակման մեջ։ Մինչդեռ, փաստացի, Հայաստանը, նույնիսկ՝ մասնակիորեն, ապաշրջափակվել էր դեռևս TRIPP-ի իրականացումից առաջ։
«Օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը ենթադրում է տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակում, որի արդյունքում Հայաստանը հնարավորություն է ստանալու երկաթուղային կապ հաստատել Իրանի հետ, իսկ Ռուսաստանի հետ այդ կապը արդեն իսկ մասամբ առկա է»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը: