Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։
Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև Արևելք-արևմուտք բնականոն հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ համագործակցության տեսանկյունից։ Շեշտվել է, որ խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ։
«Ապագայի հարցում լավատես լինելու հիմքեր ունենք։ Կա քաղաքական կամք ու որոշում՝ խաղաղության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում, ինչպես նաև ներառել մեր ժողովուրդներին այս գործընթացում։ Սա ժամանակավոր խաղաղություն չէ, այլ հարատև»,- ասել է Խաչատուրյանը։