«Մոռացե՞լ եք, որ Իշխան Սաղաթելյանին մենք ենք ընտրել ԱԺ փոխնախագահ»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին։
Նա հիշեցրել է, որ ընդդիմությունը երկու անգամ չէր ընտրել իր թեկնածուին.
«Ընդդիմությունն իր թեկնածուին երկու անգամ չէր ընտրում, մենք ենք քվեարկել, որ Իշխան Սաղաթելյանն իրենց հասանելիք պաշտոնին ընտրվի։ Այո, ընդդիմությունը։ Չգիտեմ՝ ձեզնից ով էր փակ քվեարկության ժամանակ, բայց ընդդիմությունը։ Երկու խմբակցությունով քննարկեք՝ ձեզնից ով չէր ընտրել»։
Սիմոնյանը շարունակել է.
«Վերջ ի վերջո, գործի գալո՞ւ եք հաջորդ գումարման ԱԺ-ում, եթե իհարկե հայտնվեք, ինչի մեջ ես շատ խիստ կասկածում եմ»։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ դոնթի բանաձևով ընդդիմությանը պաշտոններ են հասնում.
«Հիշեցնե՞մ այդ ընտրություններն ինչպես տեղի ունեցան։ Քանի անգամ ԱԺ ընդդիմությանը վերապահված փոխնախագահի քվեարկությունները սաբոտաժի ենթարկեցիք»,– ասել էր նա՝ հավելելով, որ իշխանությունն ասում է՝ օրենքով ընդդիմությանն է տեղը նախատեսված, բայց իրենց հաճո մարդու են ուզում ընտրել։