Հարցազրույց

TRIPP-ի հայտարարություն մեջ միջանցքային տրամաբանություն չկա. Հովսեփ Խուրշուդյան

TRIPP-ի  հայտարարություն մեջ միջանցքային տրամաբանություն չկա. Հովսեփ Խուրշուդյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ 

Radar Armenia-ի հետ զրույցում հասարակական գործիչ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը ստորագրված հայտարարությունը շահավետ համարեց Հայաստանի համար։

«Առանց ֆինանսական ծանրակշիռ ներդրման, մեր երկիրը ստանում է 24% մի ընկերությունում, որը լրջագույն ենթակառույցներ է կառուցելու մեր տարածքում․ երկաթգիծ/գծեր, նավթամուղ, գազամուղ, օպտիկա-մանրաթելային մալուխ, էլեկտրական հոսանքի գծեր»։ 

- Որքանո՞վ փարատվեցին այն կասկածները, որ TRIPP-ի շրջանակներում Հայաստանի իրավասությունների ու լիազորությունների հետ կապված կար հանրային քննարկման տիրույթում։

- Ապացուցվեց, որ TRIPP-ի ուղիները ամբողջապես լինելու են Հայաստանի Հանրապետության իրավազորության և ինքնիշխանության ներքո։ Հայաստանը ստանալու է մաքսային մուտքերը, իրականացնելու է մաքսային և անցագրային ստուգումներ, ապահովելու է բեռների տարանցման անվտանգությունը։ Ավելին՝ Հայաստանի համար զգայնություն ունեցող հարցերում Հայաստանի կարծիքը որոշումներ կայացնելիս հաշվի է առնվելու այս ընկերության գործունեության ընթացքում։

- Ընդդիմադիրները հայտարարում էին, թե այսպես միջանցք ենք տալիս. միջանցքային տրամաբանություն կա՞, թե՞ ոչ։

- Ակնհայտ է, որ որևէ միջանցքային տրամաբանություն չկա։ Ընդդիմությունը զբաղված է դատարկաբանությամբ և մանիպուլյացիաներով։

- Իսկ արդյոք մտահոգություններ՝ այս հայտարարության ու դրա իրագործման հետ կապված:

- Չեմ տեսնում որևէ մտահոգության առիթ։ Մնում է լծվել այն իրագործելուն, քանի որ բոլոր նշված ենթակառույցների՝ օր առաջ կառուցումը ու գործարկումը բխում է Հայաստանի շահերից։

- Կարո՞ղ ենք ասել, որ խաղաղությունը հաստատված է արդեն։

- Ոչ, չենք կարող, քանի դեռ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, և Հայաստանն էլ չի դիրքավորվել նոր աշխարհաքաղաքական ուժային համակարգում, ինչպիսին Եվրամիությունն է, իսկ ավելի լավ՝ նաև անվտանգային համակարգում, ինչպիսին ՆԱՏՕ-ն է։ 

Լաուրա Հարությունյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական