Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ամերիկյան TRIPP-ի մասին հայտարարությանը։
«Սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջանակային մակարդակում լուծվում է, և դրանում հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը»,– ասել է նա։
Ըստ վարչապետի՝ հայ-ամերիկյան հայտարարության իմաստն ու գործնական նշանակությունը հետևյալն է. «Խաղաղությունը շատ կոնկրետ ու գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում և մեր տարածաշրջանում, և այն այլևս գործնական իրողություն է»։
Վարչապետը նաև ընդգծել է. «Ուզում եմ վերահաստատել մեր քաղաքական կամքը. համաձայնեցված շրջանակներում մենք իհարկե պատրաստ ենք, տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք դրան՝ այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Մեր տրամադրությունն այն է, որ այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք ու գանք խաղաղությանը հարիր մթնոլորտի ու տրամաբանության»։