Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերու՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:
2020-ի 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ տվյալներով՝ առաջին գերին Ադրբեջանը վերադարձրել էր դեռևս պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին։ Վերջին անգամ Ադրբեջանը Հայաստանին 32 գերի էր վերադարձրել՝ 2023թ. դեկտեմբերին։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց. . «Երկու տարուց ավելի ժամանակահատվածում վերադարձած գերիներ չունեինք։ Վերջին խոշոր վերադարձը եղել էր 2023 թվականի դեկտեմբերին, երբ գերիները վերադարձան մեծ խմբերով»։
Ըստ նրա, այս ընթացքում գերիների հարցը մշտապես քննարկվել է ներքաղաքական դաշտում. «Ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ մենք՝ խորհրդարանականներս, կառավարող ուժի ներկայացուցիչներս, ընդդիմության կողմից քննադատության ենք ենթարկվել՝ այն պնդմամբ, թե գերիների հարցով ոչինչ չի արվում»։
Սարգիս Խանդանյանը վստահեցնում է. «Որևէ բանի դիմաց չեն վերադարձվել։ Վերադարձը տեղի է ունեցել բանակցությունների արդյունքում և Ադրբեջանի որոշմամբ։ Սա տարածաշրջանում հաստատված խաղաղության և հարաբերական կայունության արդյունք է»։