Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների անունից տարածված TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությանը. «Կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջանակային մակարդակում լուծվում է, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը»:
Վարչապետը նշել է՝ հայտարարության իմաստը և գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ և գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում, մեր տարածաշրջանում, և այն այլևս գործնական իրականություն և իրողություն է. «Իսկ այդ իրողության նկատմամբ մեր վերաբերմունքը կամ մեր վերաբերմունքի մասին իմ պատկերացումը նույնն է, ինչի մասին խոսել եմ օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում: Մեզ անհրաժեշտ է, որ մենք խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը»:
Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է՝ մենք որպես պետություն և հանրություն չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության պայմաններում: «Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք, և այդ պրոցեսը չափազանց կարևոր է: Մենք էլ նույնիսկ մեր լեզվամտածողության կամ արտահայտչաձևերում հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության շատ ընդլայնված ներկայությունը, և շատ փոքր ու դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր գիտակցություն և ենթագիտակցություն: Սա նորմալ է, որովհետև 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել ձեզ հայտնի պատճառներով, հիմա տրամաբանությունը փոխվում է: Բայց լավ լուրն այն է, որ գործնականում և գետնի վրա արդեն կան իրողություններ, որոնք պիտի նպաստեն, որպեսզի խաղաղության սոցիալ-հոգեբանությունը հաստատվի: Բայց մյուս կողմից՝ կա ահռելի գործնական աշխատանք: Մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողություններն անենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ներկայացրել է նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ պայմանագրերը դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունելը, իրավական որոշումների վրա աշխատանքին մեկնարկ տալը, ՀՀ-ում TRIPP անունով ընկերություն ստեղծելը, նաև երթուղիները որոշելը, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների թույլտվությունները տալը: «Ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք՝ կապ չունի՝ տվյալ դիմումը արդեն մո՞ւտք է եղել տվյալ գերատեսչություն, թե՞ չէ, դա հաստատ մուտք լինելու է: Այլևս այդ հարցում թեականություն չկա: Հետևաբար, մենք այսօրվանից մեր պրոցեսները պետք է նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով և ժամկետներում իրականացնենք»,-շեշտել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ընդգծել և վերահաստատել մեր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում մենք, իհարկե, պատրաստ ենք և տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք և գանք նորմալ՝ խաղաղությանը հարիր մթնոլորտ»:
Վարչապետը ընդգծել է՝ գործընթացը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում արագ չի լինելու, քանի որ հասարակություններում դեռ պահպանվում են երկար տարիների հակամարտությամբ ձևավորված խոսույթներ. «Մենք պետք է արձանագրենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում առկա խոսույթն այլևս չի համադրվում այսօրվա իրողությունների հետ, և ես հենց սա նկատի ունեմ։ Մյուս կողմից էլ՝ մարդկանց մեղադրելու էլ չէ, որովհետև այն տրամաբանությունը, այն անիվը, որն պտտվել է 35 և ավելի տարիներ, մեկ գործողությամբ, մեկ լծակով, մեկ արգելակով հնարավոր չէ կանգնեցնել։ Պետք է տրամադրվենք ավելի գործնական մոտեցման, կենտրոնանանք աշխատանքի վրա: Խաղաղության գործնական օգուտները կարող են շատ ավելի արդյունավետ լինել, քան տարբեր թեզերի, կասկածների կամ մարտահրավերների վերաբերյալ ուղղակի բանավեճերը»:
Ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Կառավարության անդամներին, ինչպես նաև գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներին ու պետական բոլոր մարմիններին՝ այս ընթացքում ցուցաբերած աջակցության և աշխատանքի համար, որը հնարավոր է դարձրել ներկայիս հանգրվանին հասնելը. «Նոր ժամանակներ են բացվում, և այդ նոր ժամանակներում մենք պետք է նորովի և առավել արդյունավետ, առավել կոնսոլիդացված և առավել կենտրոնացած աշխատենք՝ այս պատմական և շրջադարձային հնարավորությունն առավելագույնս օգտագործելու համար՝ հանուն ՀՀ-ի և նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության և բարօրության»: