Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակներում Թուրքիայի ներգրավումը չի քննարկվել ԱՄՆ կողմի հետ։
Նրա խոսքով՝ TRIPP-ը լինելու է Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ բիզնես գործունեություն։
«Միևնույն ժամանակ, իհարկե, ավելի լայն՝ ապաշրջափակման համատեքստում եթե դիտարկենք, ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակմամբ, սահմանի բացմամբ և երկաթուղու վերագործարկմամբ ենթադրյալ Ասիա-ԵՄ մեծ լոգիստիկ նոր անցումը չի ստեղծվի և չի ապահովվի։ Հայաստանի ապաշրջափակումն էլ ամբողջական չի լինի։ Գիտեք՝ Թուրքիայի հետ այս ուղղությամբ խոսակցություն կա, և բավական կոնստրուկտիվ խոսակցություն է։ Կարծում եմ՝ մոտ ապագայում շոշափելի առաջընթաց ու քայլեր կունենանք»։
Ըստ նախարարի՝ տրամաբանական է, որ Թուրքիան մաս լինի ապաշրջափակման և տարածաշրջանի զարգացման գործընթացին, սակայն ոչ կոնկրետ TRIPP-ի շրջանակներում, և այդ հարցը ամերիկյան կողմի հետ չի քննարկվել։