ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները․
«2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին, և հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել: Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ ՀՀ-ում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով, և նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է:
Ի դեպ, 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և դիզվառելիքի նվազագույն գինը շուկայում արդեն այս ընթացքում նվազել է 2 տոկոսով:
Նաև ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8 տոկոսով. այսինքն` եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է: Այս ամենը խաղաղության օրակարգի և խաղաղության արդյունքներն են և խաղաղության օգուտները»։
Վարչապետի խոսքով՝ ներմուծման հետ կապված այս ընթացքում Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ քննադատություն կա:
«Հայաստանում ասում են՝ բենզին եք գնում, փողերը ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա: Ադրբեջանում ասում են, որ բենզինը և դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա»,- ասել է նա: