Քաղաքական

ԱՄՆ-ն կանգնած է հայ ժողովրդի կողքին. Թրամփի հոգևոր հովիվ

ԱՄՆ-ն կանգնած է հայ ժողովրդի կողքին. Թրամփի հոգևոր հովիվ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունվարի 9-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Սպիտակ տան Հավատքի հարցերով գրասենյակի գլխավոր խորհրդական, նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնը,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և  Արևելյան թեմերի առաջնորդներ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը,  ինչպես նաև ԱՄՆ Աղոթքի ազգային նախաճաշի շարժման առաջամարտիկ, հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնը։

Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանն ընթերցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներկաներին հղված ուղերձը։ 

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, կրոնական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, ՀՀ պատվո հյուպատոսներ և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպանն իր ելույթում շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում քրիստոնեական արժեքների դերը, կարևորել ԱՄՆ-ի առաջնորդությունը կրոնական ազատությունների հարցում, շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի Ազգային տաճարին ընդունելության համար և նոր ձեռքբերումներ մաղթել ԱՄՆ-ին՝ 250-ամյակի կապակցությամբ։

Փոլա Ուայթ-Քեյնը իր ելույթում շնորհակալություն է հայտնել դեսպանին Սուրբ Ծննդյան ընդունելությունը կազմակերպելու համար, կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը հայ ժողովրդին և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր, պատմության ընթացքում հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, պահպանել է իր հոգևոր ժառանգությունը և դարձել հավատքի վկայություն աշխարհի համար։

Ուայթ-Քեյնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների։

Հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնն իր խոսքում մասնավորապես ընդգծել է ՀՀ վարչապետի կողմից Հայաստանում Աղոթքի նախաճաշի կազմակերպման նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ այն վկայում է հավատքի, միասնության և առաջնորդության արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությունը։

Միջոցառման մասնակից հոգևոր առաջնորդները շնորհավորել են ներկաներին Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի առթիվ և հանդես են եկել աղոթքներով, իսկ մշակութային հատվածի շրջանակում հնչել են կատարումներ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի դասախոս, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, մենակատար Էդիտա Դոլունց-Քալայջյանի և օրգանահար Արմինե Խաչատրյանի մասնակցությամբ։

Միջոցառման ավարտին Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների կատարմամբ հնչել է «Հայր մեր» աղոթքը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական