Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ Լրացավ նրա 81-ամյակը։
Լևոն Տեր-Պետրոսյանը մասնագիտությամբ արևելագետ է, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր։
Նա ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946-ին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովական, իսկ 1947-ից՝ Երևան քաղաքում։
1963–1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող։
1969–1972 թթ.՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ՝ աշխարհահռչակ արևելագետ-պատմաբաններ Ն.Վ. Պիգուլեվսկայայի և Ա.Գ. Լունդինի ղեկավարությամբ։
1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմա-մատենագրական հուշարձան» թեկնածուական թեզը։
1972–1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։
1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ և պատասխանատու քարտուղար։ 1985-ից՝ նույն հաստատության ավագ գիտաշխատող է (2001–ից՝ հասարակական կարգով)։
1982–1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում։
1987թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը։
Տիրապետում է հայերենին և ռուսերենին, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքի համար միանգամայն բավարար մակարդակով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն և հին եբրայերեն լեզուներից։
Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների և բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ և այլն)։
Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։
1988թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ։
1988թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Գևորգյանը և Սամսոն Ղազարյանը։
1988թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստանում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով։ 1988թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը։ 1989թ. հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա և նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում։
1989թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազգային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի և Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։
1989թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել և չորս ամիս ապաքինվել Փարիզում։
1989թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1990թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։
1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր։
1990թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ՝ քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբերակցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։
1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։
2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։
2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։
2008թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրապարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում։
2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։
2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ։