ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ՝ ՀՀ-ի դեմ գործելու համար։
«Մենք դա թույլ չենք տալու։ Այսօր եկեղեցու փաստացի պետը և վերնախավն աղանդավորության տրամաբանության մեջ են։ Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից և վերադարձնենք ժողովրդին։
Նա անդրադարձել է եկեղեցու բարենորոգման ծրագրին, ասելով, որ պետք է պաշտպանել ու թիկունք կանգնել այն 10 եպիսկոպոսներին, որ հանդես են եկել նման առաջարկով. «Մենք պետք է թիկունք կանգնենք նրանց, այնպես, ինչպես այս դժվար պահին իրենք թիկունք են կանգնել իրենց ժողովրդին ու պետությանը»։
Ըստ վարչապետի. «Եկեղեցու բարենորոգման որևէ հետևորդ իրեն չի սրբացնում, ընդհակառակը, այդ տեքստի մեջ հստակ արձանագրել է, որ մեզնից յուրաքանչյուրն ընդունել է իր մեղավորությունը, իր պատասխանատվությունը»։
Փաշինյանի կարծիքով, իրենք երկար ժամանակ կոպիտ սխալ են գործել, եկեղեցուն երկար ժամանակ մենակ են թողել «հերձվածի հետ», և այս քայլարշավը նրա մասին է, որ իրենք եկել են ու եկեղեցու հոգևոր սպասավորներին, Քրիստոսին մենակ չեն թողնի։
Փաշինյանը հորդորել է պատարագներին զեղչել այն անունը, որ չպիտի հնչի խորանից, մինչև կլինի «Հիսուս Քրիստոսի անունով, ժողովրդով, ազգային եկեղեցական ժողովով իրապես ընտրված և իր կոչման, իր ապրածի, իր աշխարհայացքի, իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ կաթողիկոս»։
Նա կոչ է արել ժողովրդին մասնակցել պատրագներին, իսկ հոգևորականներին՝ միանալ եկեղեցու բարենորոգման օրակարգին. «Հանուն հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի»։