Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ամերիկյան պատվիրակությանը։
Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ պատվիրակության կազմում եղել են հանրապետական սենատոր Մարքվեյն Մալինը, Ջեյսոն Սմիթը, Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոնի Ջեքսոնը, Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Ջիմի Պանետան։
Հյուրերը շնորհավորել են Ալիևին անցյալ օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված նվաճումների համար։
Իլհամ Ալիևը հայտարարել է ձեռք բերված համաձայնությունների պատմական կարևորության մասին, հատկապես ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը այս հարցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ։
Նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններ արդեն հաստատված են, Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական նավթամթերքը արտահանվում է Հայաստան, իսկ Ղազախստանից և Ռուսաստանից ցորենն արդեն երկրի տարածքով անցնում է Հայաստան։ Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ TRIIP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար։
Ալիևը դժգոհել է նաև, որ «Ազատության աջակցության մասին» օրենքի անարդար 907-րդ բաժինը չի արտացոլում երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացման էությունը։ Նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս փոփոխության կասեցումը և հույս է հայտնել, որ Կոնգրեսի անդամները կշարունակեն ջանքերը դրա լիակատար չեղարկման համար։