Քաղաքական

Ի՞նչ կարևոր իրադարձություններ են եղել Հայաստանում 2025թ․

Ի՞նչ կարևոր իրադարձություններ են եղել Հայաստանում 2025թ․

2025 թվականը լի էր Հայաստանի համար կարևորագույն իրադարձություններով, հատկապես արտաքին քաղաքական ոլորտում։ Տարին հիմնականում նշանավորվեց հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ զարգացումներով։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Հայկական կողմից այն ստորագրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Մարտի 26-ին Ազգային ժողովն ընդունեց Եվրոպական միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Գործընթացը, սակայն, հետագա շարունակություն չունեցավ, և Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ չներկայացրեց։

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայկական կողմն ընդունել էր վերջին երկու կետերը, որոնց շուրջ նախկինում համաձայնություն չկար։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ պատրաստ է սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։

Օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Այն առայժմ լիովին ստորագրված և վավերացված չէ։ Չնայած նախաստորագրմանը, Ադրբեջանը շարունակում է խոսել Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջի մասին։

Նույն օրը Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրեցին երեք հուշագիր, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, որն ենթադրում է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) ուղու կառուցում Հայաստանի հարավում։

Օգոստոսի 31-ին Հայաստանն ու Պակիստանը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։ ՀՀ անկախությունից հետո 34 տարվա ընթացքում Պակիստանը միակ երկիրն էր, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չուներ և որը չէր ճանաչել ՀՀ-ն։

Օգոստոսի 31-ին նաև ստորագրվեց հայ-չինական ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որ ենթադրում է համագործակցություն ոչ միայն երկկողմ, այլ նաև գլոբալ միջազգային ասպարեզում։

Հայաստանն ու Ադրբեջանը դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ձևավորված Մինսկի խմբի լուծարման հարցով։ Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալուց։

Դրանից հետո ՀՀ կառավարությունը, ընդառաջ գնալով ընդդիմության պահանջներին, հրապարակեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերի գերակշռող մեծամասնությունը։

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Կարճ ժամանակ անց Հայաստան ժամանեցին ցորենով բեռնված գնացքներ Ղազախստանից և ՌԴ-ից, իսկ Ադրբեջանից Հայաստան ներկրվեց վառելիք։

Հայաստանն ու Հունգարիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, որոնք կասեցվել էին 2012 թվականի օգոստոսից՝ Բուդապեշտի կողմից Բաքվին հանձնված հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի գործի պատճառով։ Ավելի քան 13 տարի սառեցված հարաբերություններից հետո սեպտեմբերին նորանշանակ դեսպան Հայկակ Արշամյանը հանձնեց հավատարմագրերը Հունգարիայի նախագահին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական