Քաղաքական

Երբ այդ օրը գա, կնստենք, կմտածենք, որոշում կկայացնենք․ Միրզոյան

Երբ այդ օրը գա, կնստենք, կմտածենք, որոշում կկայացնենք․ Միրզոյան

Ամերիկյան կողմի հետ աշխատում ենք ավելի դետալիզացված, հուսով եմ՝ կհասնենք նրան, որ 2026թ․ երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 

«Հայաստանն ապաշրջափակվում է, ԹՐԻՓՓ-ի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը, ԹՐԻՓՓ-ով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ»,- ընդգծել է Միրզոյանը։ 

Հարցին, թե Ռուսաստանն ու Իրանը դեմ են «Թրամփի ուղուն», Միրզոյանն ասել է. «Ապաշրջափակումն Իրանում առաջացրել էր որոշակի հարցեր, սակայն տրվել են պատասխաններ, այժմ ենթակառուցվածքների մեջ տեսնում ենք հնարավորություններ, ոչ թե խնդիրներ»։

Միրզոյանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումներ կան, բայց սա չի նշանակում, որ կողմերն անցել են ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը, և առկա խնդիրները ենթակա են հասցեագրման։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ ժամանակն է, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում ունենանք մեծ, կոնկրետ, շոշափելի առաջընթաց։

«Շատ ինտեսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բայց, միևնույն ժամանակ, ժամանակն է, որ ունենանք մեծ, շոշափելի, կոնկրետ առաջընթաց գետնի վրա։ Կարծում եմ՝ շատ դրական առաջընթաց ունենալու ենք շատ մոտ ապագայում»,- ասել է նա։ 

ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի, այդպիսի քաղաքականություն չի վարում։

«Սա պետք չէ նույնականացնել ԵԱՏՄ-ին անդամակցության հետ։ Եթե մի օր հարց ծագի՝ անդամակցել ԵՄ-ին, զուգահեռ հարց կծագի՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում։ Երբ այդ օրը գա, կնստենք, կմտածենք, որոշում կկայացնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը ևս չի քննարկվում։ 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական