ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի այլ դրսևորումներ էլ կլինեն․
«Տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում, ընդ որում, սկզբից Ղազախստանի համար, հետո՝ ՌԴ-ի։ Հետո արձանագրվել է, որ ՀՀ-ից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա։ Իսկ չեն գնում, որովհետև, իմ ընկալմամբ, մեր մտածողության ու գործունեության մասշտաբը մի ֆուռի տրամաբանությամբ է աշխատում»,- ասել է նա։
Ըստ վարչապետի, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել ՀՀ-ին, և գնացքը եկել, հայտնվել է շուկայում. «Եվ տարօրինակ կլինի, որ մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Ես արտահայտում եմ այդ վերաբերմունքը ու կարծում եմ՝ ճիշտ եմ անում, ընդ որում, ինչու՞ տարբեր տեղերում, որ տարբեր տեղերում դա արձանագրվի։ Դա կարևոր է նաև ԵԱՏՄ համար, որովհետև ԵԱՏՄ հետ երկաթուղային կապ ենք ստացել, նախկինում չենք ունեցել».- ասել է նա։
«Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն, հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով, քաղաքական արգելքը բացակայում է, և բիզնեսները պետք է իրար հետ պայմանավորվեն. «Եթե պարզվի՝ կառավարությունը պետք է ինչ-որ բան անի այդ պայմանավորվածությունները հնարավոր դարձնելու համար, մենք դա կանենք»։