BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում մեծ պոպուլյարություն ստացած երաժշտական ուղեկցմամբ տեսանյութերին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հրապարակել տեսանյութեր, որտեղ լռությամբ լսում է երաժշտություն՝ Զեմֆիրայից մինչև Ադել, Ջոն Լենոն, Վիսոցկի և ДДТ։ Հոկտեմբերին Զեմֆիրայի «ПММЛ» երգի տակ նկարված տեսանյութը հավաքել է 16 միլիոն դիտում Instagram-ում և դարձել մեմ։ Հազարավոր օգտատերեր TikTok-ում հրապարակել են սեփական նմանակումները, իսկ բիզնեսներն օգտագործել են այն գովազդի համար։
Փաշինյանի մամլո քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունները, թե այս ռազմավարության ետևում կանգնած է նյույորքյան Edelman ընկերությունը՝ աշխարհի խոշորագույն PR գործակալություններից մեկը։ Ըստ նրա, գաղափարը և երաժշտության ընտրությունը պատկանում են Փաշինյանին, իսկ ողջ աշխատանքը կատարում է վարչապետի գրասենյակի մեդիա թիմը։
Տեղեկությունը BBC-ին հերքել է նաև ամերիկյան հեղինակավոր ընկերության խոսնակը՝ նշելով՝ Edelman-ը չի աշխատում Հայաստանի վարչապետի համար և կապված չէ նրա սոցիալական ցանցերի հետ։
Հրապարակման մեջ ասվում է, որ Փաշինյանի Instagram-ի էջին Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ են բաժանորդագրվել։ Ղազախական Aua Rai երգի տեսահոլովակը, որն արվել է վարչապետի կողմից Աստանա կատարած այցի ժամանակ, տեղական ԶԼՄ-ներում լուսաբանվել է ավելի շատ, քան՝ այցի օրակարգը:
Հատկանշական է, որ տեսանյութերը առավել էնտուզիազմ են առաջացնում ետխորհրդային երիտասարդների շրջանում։
Պարբերականը գրում է, որ այժմ Փաշինյանի խնդիրն է ընտրողներին լավատեսությամբ վարակել։ Սոցիալական ցանցերը ծառայում են որպես դրա հիմնական հարթակ, և նա ունի եզակի փորձ այս ոլորտում։