ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը. ասվում է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի (USACC) հայտարարության մեջ։
USACC-ի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Վաշինգտոնում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են TRIPP նախաձեռնության դերը տարածաշրջանային կապի ամրապնդման և Միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։
«ԱՄՆ վարչակազմի կողմից միջնորդված Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսին կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական առաջընթաց է։ TRIPP-ը այս խաղաղության կայունությունն ապահովելու միջոց է՝ տարանցիկ երթուղին համատեղ բարգավաճման շարժիչի վերածելով», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային խաղաղապահ գործողությունների գրասենյակի տնօրեն և միջազգային խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ Վինայ Չավլան։
Խազար Իբրահիմը, իր հերթին, նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում.
«Ադրբեջանը վաղուց է առաջ մղում կապակցվածության և համագործակցության սկզբունքները՝ հաստատելով ամուր գործընկերային հարաբերություններ Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: TRIPP նախագծի՝ որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչի, հաջողության ապահովումը կարևոր է»,- ասել է նա։
ՀՀ դեսպանն էլ ընդգծել է, որ ԱՄՆ մասնակցությունը կօգնի ապահովել, որ նախաձեռնությունը շոշափելի օգուտներ բերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջաններին:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ հանդիպմանը մասնակցել են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, այդ թվում՝ Google-ը, Bechtel-ը և Tetra Tech-ը, տարածաշրջանային առևտրային ասոցիացիաների հետ միասին, կիսվել արդյունաբերական հեռանկարներով և ընդգծել ամերիկյան ընկերությունների աճող հետաքրքրությունը առևտրի և ներդրումների հնարավորությունների նկատմամբ, որոնք բացվում են TRIPP-ի և հարակից տարածաշրջանային նախաձեռնությունների միջոցով: